Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ԲՀԿ-ն հետաձգեց խորհրդաժողովը

ԲՀԿ-ն հետաձգեց խորհրդաժողովը
20.01.2015 | 22:03

ԲՀԿ-ն հետաձգեց այսօր նախատեսված ոչիշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովը: Քաղաքական հարցերը քննարկելու փոխարեն հրավիրյալներն ու կուսակցության ներկայացուցիչները որոշեցին գնալ Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցի։ «Ճիշտ այնպես, ինչպես հանրապետությունով մեկ բոլորի սրտում ու հոգում այսօր վիշտ է ու ցավ, նույնը մեզանում է, և մենք պատրաստվում ենք այսօր մասնակցել սգո արարողություններին,- «Ազատությանը» հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան ՈՒրիխանյանը: - Անշուշտ, միջոցառումը կկայանա առաջիկայում՝ օրերս կհայտնվի օրվա և ժամի մասին, բայց այսօր մենք պիտի մասնակցենք սգո արարողություններին, ես չեմ կարծում, որ որևէ այլ միջոցառում, որևէ այլ իրադարձություն տեղին է այս օրերին իրականացնելը»:
Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ չզրուցեց, միայն պատասխանեց հնչած այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը Գյումրու սպանդից հետո:
«Ամեն մարդ իր հոգու առաջ, իր աշխատանքի առաջ իր պատասխանը պետք է տա: Ամեն մեկը պետք է անի իր համար, մտածելով իր հոգու առաջ, ժողովրդի առաջ իր քայլերը»,- ասաց Ծառուկյանը:
Կուսակցության ներկայացուցիչներից փորձեցինք պարզել՝ միանո՞ւմ է արդյոք ԲՀԿ-ն Ավետիսյանների ընտանիքի և Գյումրու փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարների պահանջին՝ 7 մարդու սպանության մեղադրյալ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ։ «Ես խնդրում եմ ինձ զերծ պահել այդ թեմայի շուրջ երանգավորումներից, քաղաքական կամայական ձևաչափի զրույցներից ու խոսակցություններից: Մեկ բան է պարզ՝ ամենախստագույն պատիժը պիտի կրի ոճրագործը և բոլոր մեղավորները, ովքեր ինչ-որ մի, գոնե փոքրիկ կերպով առնչություն են ունեցել նրան այդ հնարավորությունն ընձեռելու հարցում և վերջ»,- ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան ՈՒրիխանյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ հանրության պահանջը շատ տրամաբանական է։ «Հիմա, իհարկե, ես կարծում եմ, որ Հայաստանում դատելը ճիշտ է. Հայաստանում է եղել դեպքը և հայ-ռուսական այդ զորամասի բազայի հետ կապված պայմանագրում ևս նման բաներ նախատեսված են: Մենք (ԲՀԿ ներսում) չենք ունեցել քննարկում, բայց ես կարծում եմ, որ բոլորի կարծիքը դա կլինի»,- նշեց Մարգարյանը:

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ

«Թավշյա» հարաբերություններ